Բեյրութի հարավում փետրվարի 19-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 38 մարդ: Ինչպես հաղորդում է Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը, դեպքի վայր են ժամանել շտապօգնության 10 և հրշեջ 50 մեքենաներ: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցնեÖ €:
Լիբանանյան աղբյուրները տեղեկացնում են, որ Բիր Հասան շրջանում տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնցից մեկը որոտացել է իրանական մշակույթի կենտրոնի մոտ, իսկ երկրորդը՝ ռեստորանի: Աղբյուրը նաև պարզաբանել է, որ առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը մոտոցիկլետով, իսկ երկրորդը տեղի է ունեցել ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով, այդ իսկ պատճառով վնասներն ավելի մեծ են:
Լիբանանում նմանատիպ պայթյուն տեղի էր ունեցել 2014թ. հունվարի 21-ին Բեյրութի հարավային արվարձաններից մեկում: Ականապատ մեքենան պայթել էր Հարա Հարիք շրջանի Արիդ փողոցում: Ավելի վաղ Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող Հերմելի շրջանում հունվարի 16-ին ուժգին պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մոտ 3 տասնյակ մարդ էր տուժել: