Հոմսում ապրիլի 29-ին ականապատ 2 մեքենաների պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 116-ի: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի աշ Շուղուր թաղամասում տեղի ունեցած պայթյուններից մի քանի ժամ անց: Առաջին ականապատ մեքենան պայթել է Դուար Աբբասիին շրջանում՝ մարդաշատ վայրում, և մոտավորապես 5 րոպե անց նույն վայրում որոտացել է 2-րդ պայթյունը: Բացի մարդկային զոհերից, նյութական մեծ վնասներ է կրել շրջակայքը:
Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից զոհվել են 17 մարդ և վիրավորվել՝ 86-ը: Զոհերի մեծամասնությունը երեխաներ են:
Մյուս կողմից' թեժ բախումներ են ընթանում Դամասկոսի Ջոբար թաղամասում, ինչպես նաև Մուլհիեի շրջանում: Բանակը վերահսկողություն է հաստատել Ջոբար թաղամասի մի քանի շինությունների վրա: Բախումների ընթացքում զինյալները լուրջ կորուստներ են կրել, նրանցից որոշները ձերբակալվել են:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: