Հոմսում հունիսի 24-ին ականապատ մեքենայի պայթյունից տուժածների թիվը հասել է 24-ի: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ուադի Զահաբ թաղամասում պայթյունից մեկ կին է զոհվել, ևս 23-ը վիրավորվել են: Մեծ են նաև նյութական վնասները: Մյուս կողմից' սիրիական բանակը շարունակում է պայքարել զինյալներ ի դեմ: Դամասկոսի մերձակայքում գտնվող Մլիհե գյուղում բանակը հարձակվել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման թաքստոցների վրա, տասնյակ զինյալներ են սպանվել: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են նաև Զաբադանիի, Դումայի և Դարիայի շրջաններում:
Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, Հոմս քաղաքի Նուզհա թաղամասում ականապատ մեքենայի պայթյունից 6 քաղաքացիներ զոհվել էին, ևս 40-ը՝ վիրավորվել:
Սիրիական բանակը մայիսի սկզբին իր վերահսկողության տակ էր վերցել Հոմս քաղաքը՝ այնտեղից վտարելով զինյալներին:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: