Լիբիական Բենղազի քաղաքում փետրվարի 6-ին ականապատ մեքենա է պայթել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով արձանագրվել է 2 զոհ և մոտ 20 վիրավոր: Զոհերից մեկը երեխա է: Ռազմական պատասխանատուները հայտարարել են, որ ականապատ մեքենան շարժվել է ռազմաբազայի ուղղությամբ, սակայն ավելի վաղ է պայթել:
Փետրվարի 5-ին, Բենղազիի նավահանգստում և մերձակա շրջաններում թեժ բախումների հետևանքով 7 զինվոր են զոհվել, ևս 25-ը' վիրավորվել: Բախումներն ընթացել են լիբիական բանակի և Բենղազիի իսլամիստների միջև: Բանակը հայտարարել է, որ թեժ բախումների արդյունքում վերահսկողություն է հաստատել նավահանգստային տարածքների մեծամասնության վրա:
Լիբիայում իրավիճակը կտրուկ վատացել է 2014-ի մայիսին' այն բանից հետո, երբ ազգային բանակի գեներալ Հաֆթարը սկսել էր ռազմական գործողություններ իրականացնել Բենղազիում իսլամիստների դիրքերի ուղղությամբ: