Եգիպտոսում՝ Սինայի հյուսիսում, մարտի 10-ին ականապատ մեքենայի պայթյունից զոհերի թիվը հասել է երեքի, իսկ վիրավորներինը գերազանցել է 30-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տուժածների մեծամասնությունը անվտանգության ուժերի ներակայացուցիչներ են:

 

 

Պայթյունը որոտացել է Սինայի մարզի մարզկենտրոն համարվող Արիշ քաղաքում: Զոհերից մեկը խաղաղ բնակիչ է, իսկ 32 վիրավորներից 30-ը՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ:

 

 

Մահապարտ-ահաբեկիչը փորձել է հարձակում գործել ռազմական ճամբարի վրա, որը գտնվում է Ալ Մասայիդ շրջանում: Ականապատ մեքենան ժամանակին նկատել են հսկիչները և կրակ են բացել այդ ուղղությամբ: Արդյունքում մեքենան պայթել է ճամբարի արտաքին պատի մոտ: Այդպիսով՝ հսկիչների ձեռնարկած գործողությունների արդյունքում տասնյակ մարդկանց կյանք է փրկվել:

 

 

Եգիպտոսում 2013թ. ամռանը Մուհամադ Մուրսիի իշխանության տապալումից հետո երկրում բռնությունների ալիք է սկսվել, որը հիմնականում տարածվել է Սինայի հյուսիսում' «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորման կողմից: Եգիպտական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Սինայում և մեծ վնասներ է հասցրել ահաբեկիչներին: Նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 70 ահաբեկիչներ են սպանվել: