Իրաքի մայրաքաղաք Բաղդադում փետրվարի 9-ի առավոտյան պայթյուն է որոտացել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրաքյան լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի հյուսիսում գտնվող շիաներով բնակեցված Քազիմիա թաղամասի Ադան հրապարկում, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ վիրավորներինը՝ 40-ի: Բժշկական աղբյուրներից տեղեկացրել են, որ պայթյունից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

 

Բացի այդ, 2 խաղաղ բնակիչ են զոհվել, ևս 7-ը վիրավորվել են Բաղդադի հյուսիսում գտնվող Հուսեյնիա թաղամասում պայթուցիկ սարքավորման պայթյունի հետևանքով:

 

Իրաքում հունվարին բռնությունների և բախումների զոհ է դարձել 1375 մարդ, որոնց թվում՝ 790 խաղաղ բնակիչ: Բռնությունների հետևանքով վիրավորների թիվը կազմել է 2240:

 

Մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատարի գրասենյակը նշել է, որ 2014թ. համարվել է ամենադաժան և բռնություններով հագեցած տարի' «Իսլամական պետության» հարձակումների և հանցագործությունների պատճառով:

 

Իրաքը շարունակում է պայքարել ԻՊ-ի դեմ՝ փորձելով ազատագրել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքները քրդական փեշմերգա ուժերի և միջազգային դաշինքի օգնությամբ:

 

Իրաքում 2014թ. բռնությունների զոհ են դարձել ավելի քան 15 հազար մարդ, ավելի քան 22 հազարը վիրավորվել են: