Ուկրաինայի խորհրդարանը լիագումար ռեժիմով կաշխատի «մինչեւ երկրում քաղաքական ճգնաժամի լուծումը»: Դրա օգտին քվեարկել է 229 պատգամավոր անհրաժեշտ 226-ի դեպքում: Քվեարկությունից հետո Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին ընդմիջում է հայտարարել մինչեւ փետրվարի 21-ի ժամը 10:00-ն (Երեւանի ժամանակով ժամը 12:00):
Ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել երկրի բոլոր ուժային կառույցների ստորաբաժանումները մշտական տեղաբաշխման վայրեր վերադարձնելու մասին: Այդպիսով, պատգամավորները պարտավորեցրել են ՆԳ նախարարությանը երկրի ամբողջ տարածքում անհապաղ դադարեցնել տրանսպորտային ուղիների արգելափակումը, պաշտպանության նախարարությանը՝ անհապաղ հետ կանչել հակամարտությանը մասնակցող իր ուժերին եւ ապահովել նրանց վերադարձը մշտական տեղաբաշխման վայր: Նախարարների կաբինետը պետք է անհրաժեշտ օգնություն ցուցաբերի բոլոր զոհվածների ընտանիքներին ու տուժածներին: Որոշումն ուժի մեջ է մտել քվեարկության պահից:
Մինչ այդ Կիեւում ցուցարարները ազատ են արձակել ներքին զորքերի այն զինծառայողներին, որոնք փետրվարի 20-ի առավոտյան արմատականների կողմից գերի Էին բռնվել Անկախության հրապարակում: Նրանց ազատումը տեղիէ ունեցել Ուկրաինայի խորհրդարանի մի շարք ընդդիմադիր պատգամավորների աջակցությամբ: Մինչդեռ ոչ բոլոր ցուցարարներն էին ցանկանում բաց թողնել զինծառայողներին: Երբ գերյալներին տեղափոխելու համար Կրիշչատիկ էր ժամանել ավտոբուս, այն շրջապատել էին հարյուրից ավելի ցուցարարներ:
Պատգամավորները եւ հանրահաքի մասնակիցների մեծամասնությունը «կենդանի» միջանցք են բացել եւ զինծառայողներին դուրս բերել շրջապատումից: Նրանք հեռացել են ոստքով, քանի որ արմատականորեն տրամադրված ցուցարարները ծակել էին ավտոբուսի անվադողերը:
Ինչպես փետրվարի 21-ին հաղորդել է LB.ua ուկրաինական հրատարակությունը, հրաժարական է տվել հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յուրի Դումանսկին:
Նա պարզաբանել է, թե համաձայն չէ նրանց հետ, ովքեր զինվորականներին ներքաշում են քաղաքացիական հակամարտության մեջ, ինչը կարող է հանգեցնել ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակիչների զոհվելուն: «Սա իմ՝ որպես քաղաքացու, սպայի, ղեկավարի, անձնական դիրքորոշումն է, որը պատասխանատու է իր ենթակաների համար»,- ընդգծել է գեներալը:
Հիշեցնենք, որ նախօրյակին պաշտոնաթող է եղել գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Զամանան: Գերատեսչությունը գլխավորել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Յուրի Իլյինը, իսկ Զամանան դարձել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ:
Կիեւում իրավապահ մարմինների եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ կատաղի բախումներ են սկսվել փետրվարի 18-ին: Այդ օրվանից, ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալների, զոհվել է առնվազն 75 մարդ, տուժածների թիվը հասնում է հազարի: