Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրել են ՍՊԾ գործակալությունից, երկրաշարժերից 2-ը' 3-ից 4 բալ ուժգնությամբ, գրանցվել են Իրանի Խոյ քաղաքի, 2-ն էլ' 4-5 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում: Մարտի 1-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում' Մակու քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Մարտի 3-ին գրանցվել է 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն, որի էպիկենտրոնը գտնվում էր Վրաստանում' Բորժոմի քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն օրը 3 բալանոց 2 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 3 կմ դեպի արևելք և Իրանի Թավրիզ քաղաքից 39 կմ դեպի հարավ-արևելք: Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում' Շեքի քաղաքից 57 կմ դեպի արևելք, որի ուժգնությունն էպիկնետրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Մարտի 4-ին նույն էպիկենտրոնային գոտում հետևել է 5 բալ ուժգնությամբ ևս մեկ ստորգետնյա ցնցում:
Նույն ժամանակահատվածում տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել խաղաղօվկիանոսյան ավազանում: Մարտի 2-ին Նիկարագուայի ափամերձ գոտում գրանցված երկրաշարժն ունեցել է 6.2 մագնիտուդ ուժ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հոնդուրասում, Սալվադորում և Կոստա Ռիկայում: Նույն օրը 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Ճապոնիայի հարավում' Օկինավա կղզու մոտ: Մարտի 5-ին Վանուատու կղզիների հատվածում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: