Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մարտի 6-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ: Երկրաշարժերից 4-ը' 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ, գրանցվել են Իրանի Ահար, 1-ն էլ' 6 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքների տարածքում: 3 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Վրաստանի տարածքում' մարտի 6-ին 4 բալ ուժգնությամբ Քվարելի քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևելք, մարտի 9-ին և 12-ին 4-5 բալ ուժգնությամբ Ախալքալաք քաղաքից 21 կմ և մայրաքաղաք Թբիլիսիից 79 կմ դեպի հյուսիս-արևելք:
Մարտի 9-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Թավրիզ քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, ինչից բնակիչների մոտ խուճապ է առաջացել: Հաջորդ օրը Թուրքիայի Իգդիր քաղաքից 41 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկնետրոնով սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Այդ օրը Ադրբեջանում' Շեքի քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է 4 բալ ուժգնությամբ եր կրաշարժ, որն զգացվել է մոտակա բնակավայրերում:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Մարտի 10-ին 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է խաղաղօվկիանոսյան ավազանում' ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ափամերձ գոտում: Հաջորդ օրը Ատլանտյան օվկիանոսի հարավում' Հարավային Սենդվիչյան կղզիներում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 6.4 մագնիտուդ ուժ: Նույն օրը Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցված սեյսմիկ իրադարձությունն ունեցել է 6.1 մագնիտուդ ուժ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: