Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն ապրիլի 3-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ:

 

Այս մասին տեղեկացնում են ՍՊԾ գործակալությունից, ապրիլի 3-ին Ադրբեջանի հյուսիսում' Զաքաթալա քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի ունեցած սեյսմիկ իրադարձության ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: 4-ից մինչև 5 բալ ուժգնությամբ 2 ստորգետնյա ց նցում է գրանցվել Իրանում' Ահար քաղաքից դեպի հարավ-արևմուտք գտնվող տարածքում: Թուրքիայի Վան քաղաքից 41 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ, որից 2-ը' Չիլիի Իկիկե նավահանգստային քաղաքի ափամերձ գոտում, որտեղ պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը: Ապրիլի 3-ից 4-ը նշված տարածքում տեղի են ունեցել 6.2 և 6.1 մագնիտուդերով ուժեղ սեյսմիկ իրադարձություններ: Ապրիլի 4-ին Սողոմոնի կղզիների Սան Քրիստոբալ կղզում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: