Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Եղեգնաձոր քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժն զգացվել է Եղեգնաձոր քաղաքում և մոտակա բնակավայրերում: Նույն ժամանակհատվածում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ, որից երկուսը' 3 և 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Նոյեմբերի 22-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը Իրանի Ահար քաղաքից 27 կմ դեպի արևմուտք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 4 բալ:
Տարածաշրջանից դուրս նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Նոյեմբերի 21-ին գրանցված 6.6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Մալայան կղզեախմբի արևելյան մասում' Տոբելո քաղաքից 109 կմ դեպի հյուսիս-արևելք: Նոյեմբերի 26-ին նույն էպիկենտրոնային գոտում' Տերնատե կղզուց 160 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.8 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած 6 մագնիտուդով ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Չինաստանի հարավ արևմտյան մասում' Սիչուան նահանգում:
Երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ, կա 54 տուժած, ավելի քան 6 հազար մարդ ժամանակավորապես տեղափոխվել են անվտանգ տարածք: Նույն օրը տեղի ունեցած 6.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր ճապոնական Նագանո պրեֆեկտուրայում: Ստորգետնյա ցնցումներից ավելի շատ տուժել են Նագանո քաղաքի, Հակուբա և Օգավա գյուղերի բնակչությունը: Երկրաշարժի հետևանքով կա ավելի քան 41 տուժած, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, կան ավերածություններ, ամբողջովին քանդվել է 54 շենք և շինություն: Ժամանակավորապես դադարեցվել է ճեպընթաց գնացքների աշխատանքը: Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան: