Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն ապրիլի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Ապրիլի 17-ին Ադրբեջանում' Գյանջա (Գանձակ) քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևելք տեղի ունեցած սեյսմիկ իրադարձության ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Հաջորդ օրը Իրանում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Սալմաս քաղաքից 10 կմ դեպի հյուսիս: Ապրիլի 18-ից 21-ը 3 բալ ուժգնությամբ 3 ստորգետնյա ցնցում է գրանցվել Թուրքիայի Կաղզվան քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևմուտք, Իրանի Ահար քաղաքից 31 կմ հարավ-արևմուտք և Մերենդ քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ, բոլորն էլ' խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (Հրե օղակ): Դրանցից 3-ը տեղի են ունեցել Պապուա Նոր Գվինեայի Բուգենվիլ կղզու տարածքում' ապրիլի 19-ից 20-ը' 6.6, 7.5 և 6.1 մագնիտուդերով: Առաջին ցնցումից հետո հայտարարված ցունամիի վտանգը հերքվել է: Ապրիլի 17-ին Նոր Զելանդիայի հարավում' անմարդաբնակ և հրաբխածին Բալենի կղզիների մոտ, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Հաջորդ օրը Սողոմոնի կղզիներում գրանցված սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 6 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Նույն օրվա ընթացքում 7.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի արևմտյան մասում գտնվող Հերերո նահանգում, ինչի հետևանքով զոհեր չկան, տեղի են ունեցել էլեկտրամատակարարման և բջջային կապի մասնակի ընդհատումներ: Ստորգետնյա ցնցումներից խուճապի են մատնվել առափնյա առողջարանային քաղաքների հանգստացողները, մայրաքաղաք Մեխիկոյի (շուրջ 300 կմ հեռավորությամբ) բազմահարկ շենքներից կատարվել է բնակչության տարհանում: