Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը մարտի 13-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում արձանագրել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Երկրաշարժերից 2-ը' 4-ից մինչև 5 բալ ուժգնությամբ, գրանցվել են Թուրքիայի Վան քաղաքի, 1-ն էլ' 3-4 բալ ուժգնությամբ Իրանի Ահար քաղաքի տարածքում: 2 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Վրաստանի տարածքում' մարտի 16-ին 3-4 բալ ուժգնությամբ Դմանիսի քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևելք և մարտի 19-ին' 3 բալ ուժգնությամբ, Միրզաանի գյուղից 10 կմ դեպի արևմուտք (Ռուսթավի քաղաքից 90 կմ դեպի հյուսիս-արևմուտք):
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 5 երկրաշարժ: Մարտի 13-ին Ճապոնիայի հարավ-արևմտյան մասում (Ներքին Ճապոնական ծով)' Կունիսակի քաղաքից 19 կմ դեպի հյուսիս գրանցված երկրաշարժն ունեցել է 6.4 մագնիտուդ ուժ: Երկրաշարժից տուժել է 18 մարդ, վնասվել մի քանի շենքեր, Հիրոսիմա պրեֆեկտուրայում մի քանի ժամով դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ Մարտի 15-ին 2 երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում' 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Պերուի կենտրոնական, իսկ 6.3 մագնիտուդով' հյուսիսային ափերի մո տ:
Մարտի 17-ին 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել խաղաղօվկիանոսյան ավազանում' Չիլիի նավահանգստային Իկիկե քաղաքից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որին հետևել են հետցնցումներ, դրանցից ամենաուժեղն ունեցել է 6.2 մագնիտուդ հզորություն, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, հայտարարված ցունամիի վտանգի պատճառով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: