Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Երկրաշարժերից երկուսը' 3 և 3-4 բալ ուժգնությամբ, տեղի են ունեցել Ադրբեջանում և Ադրբեջան-Ռուսաստան-Վրաստան սահմանային գոտում' Զաքաթալա քաղաքից 18 կմ դեպի արևմուտք և 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նոյեմբերի 15-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում' Մարանդ քաղաքից 27 կմ դեպի արևմուտք: Նույն օրը Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ, որոնցից երկուսը Խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (Հրե օղակ): Նոյեմբերի 15-ին գրանցված 7.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Մալայան կղզեխմբի արևելյան մասում' Մոլուքյան կղզիների շրջանում' Տերնատե կղզուց 156 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 8 հետցնցում: Խաղաղ օվկիանոսի ափամերձ շրջաններում հայտարարվել է ցունամիի վտանգ: Նոյեմբերի 17-ին տեղի ունեցած 6.7 մագնիտուդով ստոր գետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Նոր Զելանդիայում' Գիսբորն քաղաքից 182 կմ դեպի արևելք:

 

Նույն օրը 6.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հնդկական օվկիանոսում' արքայազն Էդուարդի կղզիների շրջանում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: