Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, հուլիսի 6-ին տեղական ժամանակով ժամը 11:13-ին Վանաձոր քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Երկրաշարժն զգացվել է Լոռու մարզում, մասնավորապես մարզկենտրոնում' Վանաձոր քաղաքում, այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

 

Հաջորդ օրը ժամը 03:08-ին նույն էպիկենտրոնային գոտում հետևել է 5 բալ ուժգնությամբ երկրորդ սեյսմիկ իրադարձությունը, որն զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում' 3-4 բալ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումների պատճառով խուճապի մատնված բնակիչները լքել են բնակարանները: Մինչ օրս երկրաշարժերին հետևել է 1-ից մինչև 3 բալ ուժգնությամբ 15 թույլ հետցնցում:

 

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ 5 երկրաշարժ, որոնցից 4-ը Ադրբեջանի Զաքաթալա, իսկ հինգերորդը' Իրանի Ահար քաղաքի տարածքում:

 

Նույն ժամանակահատվածում տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 5 երկրաշարժ: Հուլիսի 3-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Նոր Զելանդիայի Ռաուլ կղզուց 193 կմ դեպի հարավ-արևելք: Հաջորդ օրը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում' Պապու Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.6 մագնիտուդ: Հուլիսի 5-ին ինդոնեզական Սումատրա կղզու արևմտյան ափամերձ գոտում տեղի է ունեցել 6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն: Վերոնշյալ երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ կան:

 

Հուլիսի 7-ին Մեքսիկայի Չյապաս նահանգում գրանցվել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Պուերտո Մադերո քաղաքից 2 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ, որից երկուսը' Մեքսիկայում, իսկ երեքը' Գվատեմալայում (այդ թվում' 1 նորածին երեխա զոհվել է հիվանդանոցի տանիքի փլուզումից), կան տասնյակ վիրավորներ, Գվատեմալայում ընդհատվել է էլեկտրամատակարարումը, ճանապարհներին սողանքներ են առաջացել, կան քանդված շենքներ և շինություններ: Հուլիսի 8-ին Վանուատու կղզիների մոտ տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ. զոհեր և ավերածություններ չկան: