Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ: Երկրաշարժերից 2-ը' 3 և 4 բալ ուժգնությամբ, գրանցվել են Թուրքիայի Վան, մեկն էլ' 3 բալ ուժգնությամբ, Իրանի Ահար քաղաքի տարածքում: Հունիսի 27-ին 3 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ո ւնեցել Թուրքիայի Հորասան քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևելք: Հունիսի 29-ին Ադրբեջանի հյուսիսում գրանցվել է 6-7 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն, որի էպիկենտրոնը գտնվում էր Զաքաթալա քաղաքից 10 կմ դեպի հարավ: Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղաբնակների մոտ, նաև հարակից գյուղերում, որտեղ մի շարք տների պատերին եղած ճաքերը զգալիորեն մեծացել են, զոհեր և ավերածություններ չկան: Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան Դաղստանում և Վրաստանում: Հայաստանի հյուսիսարևելյան մի շարք բնակավայրերում և Լեռնային Ղարաբաղում այն զգացվել է 2-3 բալ ուժգնութ յամբ: Նույն էպիկենտրոնային գոտում 3 րոպե անց հետևել է 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 5 երկրաշարժ, որից 4-ը' խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (Հրե օղակ): Դրանցից երկուսը տեղի են ունեցել հունիսի 29-ին Սամոա կղզիների մոտակայքում' 6.4 և 6.7 մագնիտուդերով, մյուս երկուսը' 6.2 մագնիտուդ ուժով' հունիսի 29-ից 30-ը ճապոնական Բոնին կղզիների տարածքում: Հունիսի 29-ին Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր անմարդաբնակ Վիսոկի կղզուց 154 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Բոլոր նշված երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: