Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ: Երկրաշարժերից 2-ը' 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ, գրանցվել են Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Ահար քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք: 3 բալ ուժգնությա մբ սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Թուրքիայի տարածքում' հունիսի 22-ին Պոնտոս քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևելք և 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հունիսի 25-ին Սարիղամիշ քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 7 երկրաշարժ, բոլորն էլ խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (Հրե օղակ): Հունիսի 19-ին 6.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վանուատու Հանրապետության Սոլա քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հունիսի 23-ին տեղի ունեցած 6.9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Կերմանդեկ կղզիների Ռաուլ կղզուց 96 կմ դեպի հյուսիս, ստորգետնյա ցնցմանը հետևել են 5 և ավելի մագնիտուդով 20 հետցնցում, որից երկուսը ունեցել են 6.3 և 6.5 մագնիտուդ:

 

Նույն օրը 7.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Ալեության արշիպելագի Փոքր Սիտկին կղզուց 24 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժին հետևել են 5 և ավելի մագնիտուդով 8 հետցնցում, որից երկուսը ունեցել են 6 և 6.6 մագնիտուդ: Ալեության կղզիների ափամերձ շրջաններում հայտարարվել է ցունամիի վտանգ, որն ավելի ուշ չեղյալ է հայտարարվել: Տարհանվել են Սենտ-Փոլ, Սենթ-Ջորջ, Ադաք և Ատկա քաղաքների բնակչությունը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կամչատկայում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: