Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Ռոլես Աղաջանյանի մահվան կապակցությամբ մարտի 13-ին ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին: Ուղերձում ասված է.

 

«Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի արժանավոր զավակ, հասարակական եւ քաղաքական գործիչ Ռոլես Գեորգիի Աղաջանյանի ողբերգական մահվան մասին:

 

Ռոլես Աղաջանյանը Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, կանգնած է եղել մեր գոյապայքարի ակունքներում եւ ծանրակշիռ ավանդ է ունեցել մեր ժողովրդի՝ ազատության հասնելու նվիրական ձգտումների իրականացման գործում, ակտիվորեն մասնակցել է մեզ պարտադրված պատերազմին, հաղթանակների եւ անկախ պետականության կերտմանը:

 

Նա եղել է հարազատ ժողովրդին նվիրված անձնավորություն, համեստ, բարի եւ հավատարիմ ընկեր: Հայրենիքն արժանվույնս է գնահատել Ռոլես Աղաջանյանի վաստակը' պարգեւատրելով նրան պետական բարձր պարգեւներով:

 

Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով:

 

Ռոլես Աղաջանյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»:

 

Ռոլես Գևորգի Աղաջանյանը ծնվել է 1947թ. օգոստոսի 28-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը' ճանապարհաշինարար-ինժեների որակավորմամբ: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է Ստեփանակերտի համար 9 ճանապարհաշինարարական վարչությունում' որպես պետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի, Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ: «Արցախ» պատգամավորական խմբի անդամ էր: