Գյուլենի համայնքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրա մերձավոր շրջապատին սպառնացել է համացանցում հրապարակել նրանց «անկողնային» տեսանկարահանումները: Այս մասին հայտնում է անգլիական հեղինակավոր The Times թերթը:
The Tiemes-ը գրել է, որ վերջին օրերին մրցակիցներին շանտաժի ենթարկելու մեջ մեղադրանքներ հնչեցրած Էրդողանին եւ նրա թիմին Գյուլենը որոշել է պատասխանել նրանց ինտիմ կապերի մասին պատմող տեսանյութերի հրապարակումով:
Անցյալ շաբաթ Բիթլիսում ընտրական միտինգում ելույթի ժամանակ Էրդողանը Գյուլենին ուղղված ասել էր. «Դու լսում ես մարդկանց անձնական հեռախոսները, ձայնագրում, շանտաժի ենթարկում, մտնում մարդկանց ննջարանները, սպառնում, հետո էլ առանց ամաչելու քեզ գիտնական ներկայացնում»:
Գյուլենն էլ Էրդողանին մեղադրել է բռնապետական ռեժիմ հիմնելու եւ իշխանությունը ձեռքում կենտրոնացնելու մեջ: Թերթը գրել է, որ Թուրքիայում իրավապահ մարմիններում եւ դատական համակարգում արմատներ գցած Գյուլենի շարժումը մեծ ծառայություն է մատուցել վերջին կոռուպցիոն գործողության ժամանակ մամուլ թափանցած գաղտնի ձայնագրությունները եւ փաստաթղթերը ձեռք բերելու գործում:
Տեսաժապավենների աղմուկը Թուրքիայի համար առաջին դեպքը չէ: Դեռեւս 2010-ին գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալի մասին աղմկահարույց տեսանյութի մամուլ թափանցելուց հետո վերջինս ստիպված էր հրաժարական տալ: 2011-ի ընտրությունների շեմին Ազգայնական շարժում կուսակցությունից 6 պատգամավոր եւս հրաժարական էին տվել համացանցում իրենց մասին սեքս- տեսապատկերների հայտնվելուց հետո:
Թուրքական մամուլն օրերս հայտնել էր, որ Թուրքիայում գաղտնի հեռախոսազրույցների բացահայտման արդյունքում դժվար վիճակում հայտնված վարչապետ Էրդողանի հեղինակությանն ամենալուրջ հարվածը, թերեւս, կհասցվի ՏԻՄ ընտրություններից 5 օր առաջ' մարտի 25-ին: Այդ օրը հրապարակվելիք տեսանյութերն ու հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները ցնցող հարված կհանդիսանան Էրդողանի եւ նրա կառավարության մյուս ներկայացուցիչների համար: Նշվել էր, որ այդ ժամանակ այնպիսի բովանդակությամբ տեսապատկերներ եւ հեռախոսազրույցներ են հրապարակվելու, որ Էրդողանն ու ի ր շրջապատը «ամաչելու են անգամ փողոց դուրս գալ»:
Երկու ամիս առաջ Թուրքիայի իրավապահ մարմինները բացահայտել էին Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստերն արտացոլող հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո իշխող կուսակցության եւ հատկապես Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում խիստ ընկել են: Էրդողանն այդ բոլորի համար մեղադրել է Գյուլենին եւ նրա շարժման հետեւորդներին եւ հայտարարել, որ նրանք ցանկանում են տապալել իր կառավարությունը:
Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: