Լիբիան մարտի 18-ից երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել Բենղազի քաղաքում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հիշատակին: Ինչպես հաղորդում է լիբիական ԼԱՆԱ գործակալությունը, վերջին տվյալներով Բենղազի քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից 13 մարդ է զոհվել: Լիբիայի ժամանակավոր վարչապետ Աբդ ալ Ալ լահ աս Սունին հայտարարել է, որ կառավարությունը արագորեն միջոցներ է ձեռնարկում վտանգավոր իրավիճակը վերահսկելու ուղղությամբ:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Լիբիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մահմուդ Աբիդը նշել է, որ Հաուարի հիվանդանոցն ընդունել է 13 զոհերի և 23 վիրավորների: Ռազմական աղբյուրներն ավելի վաղ հաստատել էին, որ Բենղազի քաղաքում ռազմական դպրոցի առջև ականապատ մեքենայի պայթյունից 9 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել:
Մուամար Քադաֆիի իշխանության տապալումից 2.5 տարի անց Լիբիայի նոր իշխանություններին չի հաջողվում երկրում կարգուկանոն հաստատել: