Եվրամիությունը Ռուսաստանի համար պատրաստված «սեւ ցուցակի» անդամների թիվը 21-ից հասցրել է 33-ի: Նրանց արգելված է մուտքը ԵՄ-ի երկրներ, իսկ նրանց բանկային հաշիվները, եվրոպական բանկերում հայտնաբերվելու դեպքում, ենթակա են սառեցման: Տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում չի ընդունվել:

 

Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպյոյը մարտի 21-ին, ամփոփելով հանրակցության գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, հայտարարել է, որ անվանական ցուցակը հայտնի կդառնա ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում հրապարակվելուց հետո:

 

Բացի այդ, ԵՄ-ի երկրները պայմանավորվել են «կասեցնել Ռուսաստանի հետ երկկողմ գագաթնաժողովների նախապատրաստումը եւ չեղյալ են հայտարարել հունիսին նշանակված ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը»: «ԵՄ-ն պնդում է Ուկրաինայում ճգնաժամի ապաէսկալացումը եւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը,- նշել է Վան Ռոմպյոյը:- Ուկրաինայում Ռուսաստանի հետագա գործողությունների եւ ապաէսկալացման բացակայության դեպքում ԵՄ-ն կձեռնարկի հետագա միջոցներ, ներառյալ տնտեսական»:

 

«Մենք չենք ճանաչել Ռուսաստանի կազմ Ղրիմի ընդունումը եւ այն չենք ճանաչի ապագայում»,- ասել է նա: «Մենք գնահատելու ենք յուրաքանչյուր նոր միջադեպ, յուրաքանչյուր խնդրահարույց իրադրություն եւ հակազդելու իրավունք ենք վերապահում մեզ»,- ընդգծել է Վան Ռոմպյոյը:

 

ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցները հանձնարարել են Եվրահանձնաժողովին «ուսումնասիրել Ռուսաստանի նկատմամբ հնարավոր գործողությունները»:

 

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն նշել է, որ ԵՄ-ն առայժմ որոշումներ չի ընդունել Ռուսաստանի նկատմամբ գործնական առեւտրական ու տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ: «Եվրահանձնաժողովն արդեն սկսել է ուղղությունների լայն սպեկտրով հնարավոր պատժամիջոցների նախապատրաստումը: Մենք դիտարկում ենք տնտեսական բոլոր ուղղությունները: Առայժմ պայմանավորվածության չենք հասել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական բնույթի կոնկրետ միջոցառումների շուրջ»,- ասել է նա:

 

Բացի այդ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եվրամիության գագաթնաժողովը հանձնարարել է Եվրահանձնաժողովին առեւտրատնտեսական պատժամիջոցներ մշակել Ղրիմի դեմ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովին հանձնարարված է մշակել «Ռուսաստանից Եվրամիության էներգակախվածության նվազեցման» պլան:

 

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ամերիկյան «սեւ ցուցակի» ընդլայնման մասին հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նոր ցուցակում ներառվել են ռուսաստանցի քսան պաշտոնյաներ եւ օլիգարխներ, ինչպես նաեւ «Ռոսիա» բանկը: ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ պատժամիջոցներն ընդլայնվել են Ղրիմի հանրաքվեի եւ Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցման պատճառով: Ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի այն պաշտոնյաների ցուցակը, որոնց նկատմամբ կկիրառվեն սահմանափակումներ: