Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքերենի համաշխարհային օլիմպիադան, որն անցկացվում է ամեն տարի, չեղյալ է հայտարարվում: Այս մասին հայտնում է թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սաբահ» թերթը:
Էրդողանի խոսքով' Օլիմպիադան չեղյալ է հայտարավել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում (իսլամական հասարակական գործիչ, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում): Էրդողանն ասել է, որ կառավարությունն այլեւս պայմաններ չի ստեղծելու թուրքերենի օլիմպիադաներ անցկացնելու համար:
Թուրքերենի համաշխարհային օլիմպիադան ամեն տարի անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում' այդ թվում Թուրքիայում: Օլիմպիադայի անցկացումն ու ֆինանսավորումը հովանավորվել է Ֆեթուլլահ Գյուլենի կողմից:
Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Դրանից հետո Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենին կոչ է արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին եւ մեղադրել ԱՄՆ-ին նրան պաշտպանելու մեջ: Էրդողանի ղեկավարած' իշխող «Արդարութույն եւ զարգացում» կուսակցության անդամ Մազհար Բաղլըն հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի եւ նրա կողմնակիցների գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի խարխլմանը:
Ֆեթուլլահ Գյուլենը իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն քարոզող «Հիզմեթ» հասարակական շարժման, ինչպես նաեւ Թուրքիայի գրողների եւ լրագրողների Հիմնադրամի հիմնադիրն է: