Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքերենի համաշխարհային օլիմպիադան, որն անցկացվում է ամեն տարի, չեղյալ է հայտարարվում: Այս մասին հայտնում է թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սաբահ» թերթը:
Էրդողանի խոսքով' Օլիմպիադան չեղյալ է հայտարավել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում: Էրդողանն ասել է, որ կառավարությունն այլևս պայմաններ չի ստեղծելու թուրքերենի օլիմպիադաներ անցկացնելու համար:
Թուրքերենի համաշխարհային օլիմպիադան ամեն տարի անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում' այդ թվում Թուրքիայում: Օլիմպիադայի անցկացումն ու ֆինանսավորումը հովանավորվել է Ֆեթուլլահ Գյուլենի կողմից:
Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի և դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետևում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Դրանից հետո Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենին կոչ է արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին և մեղադրել ԱՄՆ-ին նրան պաշտպանելու մեջ: Էրդողանի ղեկավարած' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մազհար Բաղլըն հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կողմնակիցների գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի խարխլմանը:
Ֆեթուլլահ Գյուլենը իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն քարոզող «Հիզմեթ» հասարակական շարժման, ինչպես նաև Թուրքիայի գրողների և լրագրողների Հիմնադրամի հիմնադիրն է: