Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մարտի 25-ին ներկայացրեց դերասանի մասնակցությամբ մահացու ելքով ավտովթարի երկար սպասված մոդելավորումը: Փաստաբանը հիմնավորում է, որ ավտովթարի մեղավորը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի սխալ երթևեկությունն էր: Մարտի 25-ին հրավիրած ասուլիսում Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ մոդելավորումն իրականացվել է PC Crash ծրագրի միջոցով: Ըստ մոդելավորման, վթարը եղել է ճանապարհի բանուկ հատվածում' այն բանից հետո, երբ «Նիվա» ավտոմեքենան խաչմերուկի ոչ երթևեկելի մասից հետընթաց է կատարել դեպի ճանապարհ, որտեղով անցնելիս է եղել դերասանի BMW-ն: «Խաչմերուկի վրա հետընթաց կատարել չի թույլատրվում»,- ընդգծեց փաստաբանը: Նիկոլայ Բաղդասարյանը տեխնիկական բնույթի բազմաթիվ փաստերով ու լուսանկարներով ցույց տվեց, թե ինչպե՞ս է եղել վթարը և ո՞վ է դրա պատասխանատուն:
Skype տեսազանգի միջոցով ասուլիսին Սլովակիայից միացավ փորձագետ, պրոֆեսոր Գուստավ Կասալինսկին և ներկայացրեց իր դիտարկումները: Փորձագետ խոսքով՝ «Նիվա»-ի վարորդը սխալ է երթևեկել, ինչը եղել է պատահարի պատճառը: «ՃՏՊ-ի մեղավորը «Նիվա»-ի վարորդն է»,- շեշտեց պրոֆեսորը՝ հավելելով նաև պատահարի վայրում ճանապարհային նշանների բացակայության ազդեցության մասին: Փորձագետը հաստատեց, որ վթարը եղել է ճանապարհի բանուկ հատվածում:
Հոկտեմբերի 20-ին' ժամը 22:22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին' կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին'1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին, ով ներկայում կալանավորված է: