Ռուսաստանցիների մեծ մասը (68 տոկոս) կարծում Է, որ Ռուսաստանը չպետք Է պաշտոնապես ճանաչի Ուկրաինայի նոր իշխանություններին, հակառակ դիրքորոշում ունի հայրենակիցների 18 տոկոսը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցախույզի տիվյալները, որոնք հրապարակվել են մարտի 28-ին:

 

«Ռուսաստանը չպետք Է պաշտոնապես ճանաչի Ուկրաինայի նոր իշխանություններին. այս կարծիքին Է հարցվածների երկու երրորդը (68 տոկոս): Այս դիրքորոշումն ունեն, առաջին հերթին, միջին քաղաքների բնակիչները (80 տոկոս) եւ 60-ից բարձր տարիքի հարցվածները (74 տոկոս): Հարցման մասնակիցների սոսկ 18 տոկոսը կպաշտպաներ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության ճանաչումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

«Ռուսաստանցիները խիստ բացասական են վերաբերվում Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը: Հարցման մասնակիցների գրեթե մեկ քառորդը (23 տոկոսը) Ուկրանիայի նոր իշխանությունների ներկայացուցիչներին համարում Է ազգայնականներ եւ ֆաշիստներ: Յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը (18 տոկոս) համոզված Է, որ այսօր Ուկրաինան կառավարում են գողերն ու ավազակները: Եվս 15 տոկոսն Ուկրաինայի կառավարությունը համարում Է անօրինական եւ դրա անդամներին բնորոշում Է որպես իշխանությունն ապօրինաբար զավթած մարդիկ»,- պարզել են ՀԿՈՒՀԿ-ի սոցիոլոգները:

 

Ըստ որում, հարցման տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների սոսկ 3 տոկոսն Է պատրաստ Ուկրաինայի նոր կառավարությունը բնորոշել որպես ընդդիմություն, իսկ հարցվածների 1 տոկոսը կարծում Է, որ նրանք այն մարդիկ են, ովքեր անտարբեր չեն երկրի ապագայի նկատմամբ:

 

Հարցումն անցկացվել Է մարտի 15 – 16-ը: Դրան մասնակցել Է 1,6 հազար մարդ Ռուսաստանի 42 տարածաշրջանների 130 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: