Ինչպես հայտնում է ria.ru-ն, ռուսաստանցիների մեծ մասը (68 տոկոս) կարծում է, որ Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի Ուկրաինայի նոր իշխանություններին, հակառակ դիրքորոշում ունի հայրենակիցների 18 տոկոսը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցախույզի տիվյալները, որոնք հրապարակվել են մարտի 28-ին:
«Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի Ուկրաինայի նոր իշխանություններին. այս կարծիքին է հարցվածների երկու երրորդը (68 տոկոս): Այս դիրքորոշումն ունեն, առաջին հերթին, միջին քաղաքների բնակիչները (80 տոկոս) և 60-ից բարձր տարիքի հարցվածները (74 տոկոս): Հարցման մասնակիցների սոսկ 18 տոկոսը կպաշտպաներ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության ճանաչումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանցիները խիստ բացասական են վերաբերվում Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը: Հարցման մասնակիցների գրեթե մեկ քառորդը (23 տոկոսը) Ուկրանիայի նոր իշխանությունների ներկայացուցիչներին համարում է ազգայնականներ և ֆաշիստներ: Յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը (18 տոկոս) համոզված է, որ այսօր Ուկրաինան կառավարում են գողերն ու ավազակները: Եվս 15 տոկոսն Ուկրաինայի կառավարությունը համարում է անօրինական և դրա անդամներին բնորոշում է որպես իշխանությունն ապօրինաբար զավթած մարդիկ»,- պարզել են ՀԿՈՒՀԿ-ի սոցիոլոգները:
Ըստ որում, հարցման տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների սոսկ 3 տոկոսն է պատրաստ Ուկրաինայի նոր կառավարությունը բնորոշել որպես ընդդիմություն, իսկ հարցվածների 1 տոկոսը կարծում է, որ նրանք այն մարդիկ են, ովքեր անտարբեր չեն երկրի ապագայի նկատմամբ:
Հարցումն անցկացվել է մարտի 15 – 16-ը: Դրան մասնակցել է 1,6 հազար մարդ Ռուսաստանի 42 տարածաշրջանների 130 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը: