Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» հանարահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով հենց սկզբում նկատեց, որ հրապարակում բացակայում է հոծ բազմությունը, բայց հավաքվածների համար կարևորագույն խնդիր է Հայաստանի ինքնիշխանությունը:

 

«Յուրաքանչյուր երկրի նորմալ քաղաքացու համար առաջնային պետք է լինի իր երկրի ինքնիշխանությունը' ինքնիշխանություն, որը ևս մեկ անգամ երեկ ոտնահարվեց: Փաստորեն, Հայաստանը դարձավ 11 «իզգոյ» պետություններից մեկը: Հայաստանը փորձում են դարձնել հյուսիսային Կորեա, և եթե սա է հայկական երազանքը, սա են ուզում անել այս իշխանությունները, ուրեմն պետք է նրանցից օր առաջ ազատվել: Այս մարդկանց համար Հայաստանը մի աֆրիկական երկիր է, որտեղից կարելի է ադամանդ և ոսկի քաղել կամ առյուծի որս անել: Թող թողնեն գնան իրենց աֆրիկաներում ապրեն: Եթե ոչ, մենք ստիպված ենք լինելու հավաքվել և քշել սրանց»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

 

Վերջինիս խոսքով' այսօր որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմություն բառը: Ինչ-որ նոր բառ է ի հայտ եկել' «ոչ իշխանական ուժեր»: Նա համարում է, որ չկա նման բան, և ով որ իրեն ընդդիմաություն չի պատկերացնում, ոչ իշխանական ուժ է պատկերացնում, չպետք է փորձի խաբել այս ժողովրդին:

 

«Իմացեք մի բան. միայն ընդդիմությունը կարող է վեր կենալ և պայքարել իշխանության դեմ: Չի կարելի իշխանության դեմ պայքարել մաս-մաս, չի կարելի պայքարել նրա համար, որ փոխվեն Կառավարությունը կամ ԱԺ-ն: Այս իշխանությունից պետք է ազատվել ամբողջական' Կառավարությունից ու ԱԺ-ից միասնաբար»: