ՀՀ Սահմանադրական դատարանում մարտի 31-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության երկրորդ փուլը: Այսօր որպես պատասխանող կողմ հանդես կգան ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: « Սահմանադրական դատարանի նիստն իրավազոր է, մասնակցում են բոլոր 9-ը անդամները, նիստը հայտարարում եմ բացված»,- ասաց Սահմանադրական դատարանի Նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ՍԴ-ում ՀՀ կառավարությանը, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի փոխարեն, կներկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

ՀՀ կենտրոնական բանկը կներկայացնեն ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

 

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին անցկացվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության առաջին նիստը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա: Դատաքննությանը ներկա էին Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ Նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: ՍԴ կողմից որպես զեկուցողներ հանդես եկան ՍԴ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Կիմ Բալայանը:

 

Նախորդ դատաքննությանը պատասխանող կողմ ներգրավված ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, ներկայացրեց կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներն ու կուտակային բաղադրիչի ներդրման անհրաժեշտությունը: Դիմող կողմի ներկայացուցիչները համապասխան փաստարկներ ու դիտարկումներ ներկայացրին վերոնշյալ հարցի առնչությամբ:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

 

yerkirmedia on livestream.com. Broadcast Live Free