Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա: Դատաքննությանը ներկա են Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հարությունյանը հայտնեց, որ դատարանի կողմից որպես զեկուցողներ հանդես կգան ՍԴ անդամներ Վ.Հովհաննիսյանը և Կ. Բալայանը: Դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով:
Պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային Ժողովը: Դատաքննությանը հրավիրված են նաև ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: «Որպես դիմող կողմի ներկայացուցիչներ' Սահմանադրական դատարանը լիազորել է հանդես գալու Արծվիկ Մինասյանին, Արտակ Զեյալյանին և փաստաբան Մերի Խաչատրյանին»,- հայտնեց Գագիկ Հարությունյանը: Պատասխանող կողմում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև խորհրդատու ՀՀ կառավարությունից: Նիստին մասնակցում են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգր ան Ուրիխանյանը, Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներ ու շահագրգիռ այլ անձինք:
Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործել քաղաքական հայտարարությունների համար. եթե որեւէ մեկը խանգարի նիստի ընթացքը, օրենքը սանկցիաներ է նախատեսում:
Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչին ընդդիմացող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց մարտի 28-ին կանցկացնի լուռ ակցիա:
Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: