ՀՀ Սահմանադրական դատարանը մինչև ժամը 15:00-ն ընդմիջեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը: Մինչ այդ իրենց մոտեցումները ներկայացրին դիմող կողմի ներկայացուցիչները, դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հարցեր ուղղեց դիմող կողմի ներկայացուցիչներին: «Ըստ մեր կողմից ընդունված նյութերի հետազոտման կարգի այժմ պետք է անցնենք դիմող կողմին հարցերին և պատասխաններին: Պատասխանող կողմն իր բացատրությունները կներակայացնի' հաշվի առնելով դիմումը, ներկայացված փաստարկները և այլն»,- ասաց Հարությունյանը:

 

Մինչ այդ դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում միջազգային փորձը: Նրա խոսքով' Ռուսաստանում 6 մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի լիցենզիայից զրկելը հանգեցրել է բնակչության կուտակումների կորստի: Դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մերի Խաչատրյանը իր ելույթում փորձեց հիմնավորել, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքը պարունակում է խտրականության դրսևորում՝ տարիքային և եկամտային առումով: Փաստաբանը խոսքով՝ օրենքով խախտվում է նաև քաղաքացիների՝ սեփականության ազատ տնօրինման իրավունքը, քանի որ նրանք կարող էին կենսաթոշակային պարտադիր պահումների գումարը ներդնել բանկում և ստանալ ավելի բարձր եկամուտ: Խաչատրյանը ներկայացրեց նաև Եվրոպական դատարանի մի քանի որոշումների հետ վերոնշյալ օրենքի հակասության մասին դատողություններ:

 

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա: Դատաքննությանը ներկա են Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ Նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: ՍԴ կողմից որպես զեկուցողներ հանդես կգան ՍԴ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Կիմ Բալայանը:

 

Պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային Ժողովը, որը ՍԴ-ում կներկայացնի ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը ՍԴ-ում կներկայացնեն ՀՀ կառավարությանը: ՀՀ կենտրոնական բանկը կներկայացնեն ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը: Նիստին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև «Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներ ու շահագրգիռ այլ անձինք:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: