Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության օրը: Տոնը Հայաստանում նշվում է 1995-ից։

 

Ըստ քրիստոնեական տոնացույցի՝ ապրիլի 7-ն ավետման օրն է. Մարիամ Աստվածածինն այս օրն է իմացել, որ լույս աշխարհ պիտի բերի Աստծո որդուն։

 

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի ծննդյան ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:26-38):

 

Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն' մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իրենց մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը: