Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցելությունը նախանշված է մայիսի 12-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ֆրանսիայի Ռոն Ալպի շրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը: «Պաշտոնապես հայտարարվել է Օլանդի կողմից Ծիծեռանակաբերդի հուշահամալիր այցլելության մասին: Ոչ պաշտոնական տեղեկություններ կան Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագծի շուրջ հայտարարության մասին»,-ասաց Հիլդա Չոբոյանը:
Հայ պատգամավորի գնահատմամբ' քաղաքական վերադասավորումները Ֆրանսիայում թույլ չեն տալիս բարձր գնահատել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի լիովին ընդունման հավանականությունը: «Ենթադրենք նախագահ Օլանդը հայտարարի պատժելիության օրենքն ընդունելու իր որոշման մասին և անտեսի Թուրքիայի հետ Ֆրանսիայի տնտեսական շահաբեր հարաբերությունները, ինչ կտա դա մեզ: Եթե Օլանդն իր ընտրական խոստումներն իրագործի հաջորդող ամիսներին, դժբախտաբար, օրինագծի «թայմինգը» նոր հարցեր կառաջացնի: Ֆրանսիայում ստեղծված նոր քաղաքական իրավիճա կը մեծ դժվարություններ կստեղծի վերոհիշյալ օրինագծի համար, եթե նույնիսկ Ազգային Ժողովի կողմից այն ընդունվի: Ֆրանսիայի օրենսդրության մեջ ցանկացած օրինագիծ օրենքի ուժ ստանալու համար, Ազգային ժողովի քվեարկությունից բացի, պետք է ընդունվի Սենատի կողմից' կամ հակառակը: Սակայն Ֆրանսիայի Սենատը մոտ օրերին Օլանդի ընդդիմադիրների ձեռքը պետք է անցնի և, հետևաբար, նախագահի առաջարկած օրենքին դեմ տրամադրված ուժերն արգելք կհանդիսանան նախ հարցի օրակարգ բերվելուն, և նաև նպաստավոր քվեարկության համար: Կարող է նույնիսկ ցեղասպանությանը վերաբերող օրեն քի նախագիծը հակառակորդ կողմերի միջև կռվախնձոր հանդիսանա' սակարկության առարկա դառնալով առանց հաջողության գրավականի»,-մտահոգություն հայտնեց Հիլդա Չոբոյանը:
Հայազագի պատգամավորի խոսքով' վերջին հաշվով սահմանադրական խորհուրդը ևս իր հավանությունը պետք է տա օրենքին: «Սահմանադրական խորհրդի նախագահը' Ժան-Լուիս Դեբրեն, վերջերս նյութ էր տարածել պատժելիության օրենքի հակասահմանադրական բնույթի վերաբերյալ և իր անձնական ընդդիմությունն էր հայտնել Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած օրենքի: Այս պայմաններում հստակ է, որ պատժելիության օրենքը վերջնականապես ընդունվելու շատ քիչ հավանականություն ունի»,-նշեց Հիլդա Չոբոյանը:
Օլանդի այցը Հայաստան տարածաշրջանային այցի շրջանակում է եւ կկայանա Ադրբեջան երկօրյա այցելությունից հետո:
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 24-ին: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է դեռեւս 2001թ.: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը Վալերի Բուայեն է: Այն նախատեսում է մինչեւ 1 տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք անձանց նկատմամբ, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծը մեկ անգամ արդեն ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից, սակայն սահմանադրությանը հակասող է ճանաչվել Սահմանադրական խորհրդում:< /p>