Մոսկվան որեւէ ազդեցություն եւ կապ չունի Հայաստանի վարչապետի հրաժարականի եւ փոփոխության հետ: Հարցը վերաբերում է բացառապես Հայաստանի ներքին կյանքին, որոշումն էլ կայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ անիմաստ է կապ գտնել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետների հրաժարականների միջեւ, քանի որ դրանք տարբեր պատճառներ եւ հետեւանքներ ունեն:

 

«Պուտինը հաստատ չէր զարթնի գիշերվա կեսին եւ զանգեր այս երեք պետությունների ղեկավարներին եւ ասեր' վաղը պահանջեք վարչապետի հրաժարականը: Նման բան չկա: Հայաստանի վարչապետի հրաժարականը երկու Սարգսյանների որոշումն է»,-«Մեդիա կենտրոն»-ում կայացած հանդիպման ժամանակ ասաց Իսկանդարյանը' հավելելով, որ այսօր գլխավոր հարցը վարչապետին փոխարինող գտնելն է: Նրա մեկնաբանությամբ, նոր վարչապետի նշանակմամբ կլինեն որոշակի փոփոխություններ, կառավարությունում կհայտնվեն նոր մարդիկ, սակայն երկրի քաղաքական կուրսը կմնա նույնը, քանի որ այն որոշում է ոչ թե վարչապետը, այլ նախագահը:

 

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի բնորոշմամբ էլ վարչապետի նշանակմամբ նախագահը կհուշի 2018թ. նախագահական ընտրությունների թեկնածուին: «Այս առնչությամբ շատ կարեւոր է վարչապետի անձն ու ազդեցության մակարդակը, որ նա կունենա»,- ասաց Կիրակոսյանը:

 

«Թե ով կլինի հաջորդ վարչապետը» հարցի առնչությամբ քաղաքագետները կանխատեսումներ չեն կատարում: Ըստ Իսկանդարյանի, վարչապետի նոր թեկնածուի անունը հայտնի է ընդամենը մի քանի հոգու, իսկ լրատվամիջոցներով տարբեր անունների շրջանառությունը ոչ թե լուրջ տեղեկատվություն է, այլ տեղեկատվական հոսք:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել' մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության Նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: