Ինդոնեզիայում՝ աշխարհի խոշորագույն մուսուլմանական երկրում, մեկնարկել են Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները: Վաղ առավոտից ամբողջ երկրում հազարավոր մարդիկ են գնացել ընտրական տեղամասեր: Ինդոնեզիայում քվեարկությանը հատկացվում է ընդամենը վեց ժամ:
560 պատգամավորական մանդատների համար պայքարում է 12 կուսակցություն: Դիտորդների կարծիքով՝ հաղթելու առավել մեծ շանսեր ունեն Դեմոկրատների կուսակցությունը՝ երկրի ներկայիս նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյի գլխավորությամբ, ընդդիմադիր Ինդոնեզիայի դեմոկրատական կուսակցությունը եւ Գոլկար կուսակցությունը:
Խորհրդարանի տեղերի 20 տոկոսը կամ բոլոր ձայների 25 տոկոսը հավաքած կուսակցությունները կամ ընտրադաշինքները իրավունք են ստանում իրենց թեկնածուներին առաջադրել երկրի նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում: Ինդոնեզիայի բարձրագույն պետական պաշտոնյայի ընտրությունները կկայանան այս տարվա հուլիսին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: