Այսօր Իսրայելում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով կորոշվի կնեսետի 20-րդ գումարման կազմը, փոխանցում է Times of Israel-ը:

 

Մասնակցության համար գրանցվել են 26 դաշինքներ և կուսակցություններ, սակայն, ըստ սոցիոլոգների, անհրաժեշտ շեմը կարող են հաղթահարել միայն 11-ը:

 

Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն' հաղթանակի են հավակնում ձախակենտրոն «Սիոնիստական ճամբար» դաշինքը' Իցհակ Գերցոգի և Ցիպի Լիվնիի գլխավորությամբ, որը կարող է ստանալ 25 պատգամավորական մանդատ, և գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, որը կարող է խորհրդարանում զբաղեցնել 21 տեղ:

 

Ըստ հարցումների' երրորդ տեղում կարող են հայտնվել «Միացյալ արաբական ցուցակ» արաբական կուսակցությունների միությունը, որը կարող է ստանալ 13 մանդատ:

 

4-րդ տեղում առայժմ ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդի «Յեշ Աթիդ» կուսակցությունն է (12 մանդատ), 5-րդում՝ արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն է» ռուսախոս իսրայեցիների կուսակցությունը (5 մանդատ):