Կիեւ ժամանած ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները հանդիպում են ունեցել նաեւ Կիեւում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: Ինչպես հաղորդում է Analitika-ն, հանդիպման մասնակիցները քննարկել են Ուկրաինայում մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների խնդիրները: Անդրադարձ է եղել նաեւ հայկական համայնքին:
«Ուկրաինայում հայերը հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ, ովքեր ինտեգրված են երկրի հասարակական, պետական եւ սոցիալական ոլորտներում: Հայկական համայնքը միշտ էլ պաշտպանում է Ուկրաինայի շահերն ու իր ներդրումն է ունենում այն հարթակներում եւ ոլորտներում, որտեղ դա հնարավոր է իրականացնել»,- նշել է Շատվորյանը:
Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որ միավորում է երկրում գործող բոլոր հայկական կառույցները: Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպություն է, որն ընդգրկվել է Եվրամիության ռեգիստրում' որպես ամենաթափանցիկ կազմակերպություն:
Ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 400 հազար հայ։ Նրանք ապրում են հիմնականում Կիևում (40 հազար), Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Լվովում, Զապորոժիեում, Ղրիմի քաղաքներում և այլուր։ Ուկրաինայում գործում են 23 հայկական եկեղեցի և 2 մատուռ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատ արակվում են «Արագած», «Մասսյաց աղավնի» հայկական թերթերը, «Սուրբ Խաչ» հանդեսը։ 2001թ. ստեղծվել է Ուկրաինայի հայերի միությունը: