Ուկրաինայի բոլոր շրջաններից և Հայաստանից շուրջ 60 երեխա իրենց ամառային արձակուրդն են անցկացրել սև ծովի ափին՝  Ուկրաինայի հայերի միության մանկապատանեկան ճամբարում։

«Սա իր տեսակի մեջ յուրահատուկ պարգևատրում է այն երեխաներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, գրանցել են հաջողություններ սպորտի կամ արվեստի բնագավառներում, ակտիվ ներգրավված են եղել հայ համայնքի կյանքում։ Այս տարի թվով 7-րդ ճամբարն է, մասնակցում են երեխաներ ոչ միայն Ուկրաինայի բոլոր շրջաններից, այլև Հայաստանից»,-ասում է ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։

 

Նախորդ տարիներին ՈւՀՄ ամառային ճամբարին մասնակցել են երեխաներ նաև Արցախից և Բուլղարիայից։ Արդեն միջազգային ձևաչափ ստացած ճամբարը տևում է 14 օր։ Միապաղաղ առօրյան այստեղ փախարինվում է գերհագեցված ծրագրով՝ վարպետության դասեր, հայոց պատմության ու լեզվի պարապմունքներ, գեղանկարչություն, երգ, պար,  ինտելեկտուալ խաղեր և պարզապես հանգիստ սև ծովի ափին։

«Իհարկե դժվար է միանգամից հոգալ 60 երեխայի անվտանգության մասին, հետևել որ լիարժեք սնվեն, միմյանց չվնասեն, ակտիվ մասնակցեն դասընթացներին։ Բայց սա հաճելի լարվածություն է կարծում եմ բոլոր ջոկատավարների համար։ Երեխաներից աննկարագրելի մեծ էներգիա ու դրական լիցքեր ես ստանում։ Ի վերջո այս ճամբարում են մեզնից շատերը գտել իրենց իսկական ընկերներին կամ առաջին անգամ սիրահարվել»-պատմում է ճամբարի ջոկատավար Եկատերինա Ծատուրյանը։

14 օրերի ընթացքում երեխաները տարբեր հանդիպումներ են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Օրինակ, պատմաբան Դավիթ Դավթյանի հետ այցելել են Արևելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը, որը գտնվում է Բելգորոդ-Դնեստրովսկիում։

«Ինձ զարմացրեց, թե որքան կապված են այստեղ ապրող երեխաները Հայաստանին, հայկական մշակույթին, ավանդույթներին։ Ճամբարում ունենք օրեր, երբ բացի հայերենից այլ լեզվով խոսել չի կարելի։ Շատ ծիծաղելի դեպքեր են լինում հատկապես այն երեխաների հետ, ովքեր դժվարությամբ են հայերեն խոսում, բայց դա նրանց օգնում է նոր բառերսովորել»,- պատմում է Հայաստանից ժամանած Դավիթ Վարդանյանը։

 

Ճամբարի մասնակիցների հետ հանդիպել է նաև հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ով մասնակցեց երեխաների կազմակերպած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղին»։ Խաղից հետո երեխաները հնչեցրին իրենց առաջարկությունները՝ կապված ճամբարի հետ։

«Ես համաձայն եմ ընդառաջել ձեր բոլոր ցանկություններին, միայն երկու պայմանով։ Առաջինը․ դուք պետք է շատ լավ սովորեք։ Դարձեք լավ մասնագետներ, եղեք պիտանի մարդիկ ինչպես աշխարհի, այնպես էլ Ձեր երկրի ու հայրենակիցների համար։ Երկրորդ․ ճամբարի հիմնական նպատակը ձեր ծանոթությունն է, պահպանեք այստեղ ստեղծած Ձեր ընկերությունը նաև ճամբարից  հետո։ Վստահ եղեք, որ բոլոր քաղաքներում, աշխարհի տարբեր ծայրերում ունեք եղբայրներ, քույրեր, հայրենակիցներ, օգնեք ու աջակից եղեք միմյանց»,- երեխաների հետ զրույցում ասաց ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը։

Ճամբարում անցկացրած 14 օրերը երեխաներն ամփոփեցին գեղեցիկ համերգային ծրագրով, ցուցադրեցին ճամբարում սովորած հայկական պարն ու երգը։ Ծափերին զուգահեռ նկատելի էին նաև արցունքներ․ երեխաները հասցրել էին ընկերանալ։ Միմյանց հրաժեշտ տվեցին նոր հանդիպման ակնկալիքով։