Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինայի աջակցման խումբ է ստեղծել: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
«Եվրահանձնաժողովն Ուկրաինայի աջակցման խումբ է ստեղծել: Նրա նպատակը կլինի Ուկրաինային ոչ միայն ֆինանսական, այլև տեխնիկական աջակցություն ցուցաբերելը, օգնությունը բարեփոխումների գործընթացում,-նշել է Բառուզուն:-Այսպիսով, մենք հավաստում ենք, որ ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին»:
Այդ որոշումը «հաջորդ քայլն է Կիևին 11 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հայտարարությունից և այդ երկրի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումից հետո»:
Նա ճշտել է, որ այդ գումարը կփոխանցվի մինչ 2020 թվականը պայմանով, որ կատարվեն Արժույթի միջազգային հիմնադրամի բոլոր պահանջները: Դրա հետ մեկտեղ այդ միջոցներից 8 մլրդ դոլարը կազմում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպայի ներդրումային բանկի կողմից հնարավոր նախագծերի ֆինանսավորումը, որոնք կիրականացվեն միայն բարենպաստ տնտեսական կոնյունկտուրայի առկայությամբ:
Սա Ուկրաինայի աջակցման խումբ ստեղծելու արդեն երրորդ փորձն է, որի կազմն առայժմ չի հայտարարվել: Փետրվարին և մարտին Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել էր այդպիսի խումբ ձևավորելու պատրաստակամության մասին, մի դեպքում՝ նրա համակարգողի պաշտոնն առաջարկելով Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության կոմիսար Շտեֆան Ֆյուլեին, իսկ մյուս դեպքում՝ արժութային և ֆինանսական հարցերով եվրակոմիսար Օլլի Ռենին: Երկու դեպքում էլ այդ կառույցի ստեղծումը հետաձգվել էր: