Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 10-ի երեկոյան հանդիպել է նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Հանդիպումը, որը տեղի է ունեցել փակ դռների հետևում, տևել է մեկ ժամ և տասը րոպե: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Կողմերի միջև հանդիպումն առաջինն էր այն բանից հետո, ինչ Գյուլը լրագրողներին հայտնել էր, որ եկել է ժամանակը խոսելու նախագահական ընտրություններում առաջադրվելիք թեկնածուների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով նշվում է, որ այս հանդիպմանն ամենայն հավանականությամբ վարչպետն ու նախագահը քննարկել են հենց թեկնածուի առաջադրման հարցը:
Թուրքիայում մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսացկության հաղթանակից հետո ավելի շատացան խոսակցություններն այն մասին, որ օգոստոսին կայանալիք նախագահական առաջին համաժողովրդական ընտրություններում հաղթող ամենահավանական թեկնածուն հենց վարչապետն է: Այս մասին հայտարարություններ արեցին այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: