Ապրիլի 17-ին Ժնեւում տեղի կունենան Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ուկրաինայի բանակցությունները: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության աղբյուրը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Ժնեւ՝ մասնակցելու քառակողմ հանդիպմանը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արդեն ժամանել է Ժնեւ:

 

Լավրովը, Քերին, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան պետք է քննարկեն երկրի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Նախօրյակին Էշթոնը հանդիպում է ունեցել Դեշչիցայի հետ: Այդ մասին Twitter-ում հայտնել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մանը:

 

Ինչպես հաղորդել է «Ուկինֆորմ»-ը, ապրիլի 16-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը նշել է այն հինգ պահանջները, որոնք Ժնեւում կհնչեցնի Անդրեյ Դեշչիցան: Դրանք են՝ Ռուսաստանի կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցության դադարեցումը, Ուկրաինայի սահմաններից ՌԴ-ի զորքերի հեռացումը, Դաշնության խորհրդի այն որոշման հետկանչումը, որը թույլատրում է զորքերն օգտագործել Ուկրաինայի տարածքում, Ղրիմից Ռուսաստանի զորքերի դուրսբերումը, թերակղզու բռնակցման վերաբերյալ իրավաբանական որոշումների չեղարկումը եւ այն Ուկրաինայի իրավասությանը վերադարձնելը: