Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ապրիլի 21-ին խիստ քննադատության է ենթարկել խորտակված «Սեւոլ» լաստանավի նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործողությունները: Նշելով, որ նրանք առաջինների թվում են լքել նավը եւ առանց օգնության թողել հարյուրավոր ուղեւորների, պետության ղեկավարը նրանց գործողությունները հավասարեցրել է սպանությանը:

 

«Նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործելակերպն անըմբռնելի է ողջամտության տեսանկյունից եւ դա նման է սպանության ակտի, ինչն անկարելի է թույլ տալ»,- հայտարարել է Պակ Կին Հեն: Նա նաեւ խոստացել է բացահայտել լաստանավի շահագործման բոլոր խախտումները եւ «քրեական ու քաղաքացիական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:

 

Դատախազության ու ոստիկանության կողմից համատեղ ստեղծված հետաքննչական խմբի նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղետի պահին նավը վարում էր ոչ թե նավապետը, այլ՝ նրա երրորդ օգնականը:

 

Ինչ վերաբերում է նավի խորտակմանը, ապա այն կարող էր կապված լինել լաստանավի ուղղության կտրուկ փոփոխման հետ, ինչը հանգեցրել է բեռների տեղաշարժին: Իշխանությունները մտադիր են պատահածի հանգամանալի հետաքննություն անցկացնել, որպեսզի ապագայում բացառեն նման ողբերգությունների կրկնվելը:

 

«Սեւոլ» լաստանավի աղետի կապակցությամբ կառավարությունն ապրիլի 20-ին որոշում է ընդունել Կյոնգիդո նահանգի Անսան քաղաքը եւ Չինդո կղզին, որտեղ գտնվում է որոնողա-փրկարարական գործողության շտաբը, հայտարարել աղետի հատուկ գոտիներ:

 

Ըստ վերջին տվյալների՝ հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 64-ի: Գործնականում այլեւս չկան հույսեր, որ մինչ այժմ չգտնված 302 ուղեւորներից ու անձնակազմի անդամներից որեւէ մեկին կհաջողվի ողջ գտնել: Փրկվել է 174 մարդ, ներառյալ նավապետը եւ անձնակազմի հիմնական մասը:

 

Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում է 212 նավ ու կատեր, այդ թվում՝ առափնյա պահպանության ծառայության 90 նավ, երկրի ռազմածովային ուժերի 32 նավ, 34 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ 556 փրկարար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: