Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են մեծացնել «Երկնագույն հոսք» գազատարի թողունակությունը 16 մլրդ խմ-ից մինչև 19 մլրդ խմ, որը նախատեսված է Սև ծովի հատակով ռուսաստանյան գազը Թուրքիա մատակարարելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, երկուշաբթի լրագրողներին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

 

Թուրք չինովնիկները գտնում են, որ Ուկրաինայում վերջին զարգացումները ռիսկ են ստեղծել Թուրքիայի համար, քանի որ Ռուսաստանից մատակարարվող գազի 12,5 տոկոսը կատարվում էր Ուկրաինայով' արևմտյան գազատարով: Այդ պոտենցիալ խնդիրը կանխելու միջոցառումները թուրքական կողմը քննարկում է «Գազպրոմի» արտահանման հարցերով գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևի հետ, ով բանակցությունների համար երկուշաբթի ժամանել է Անկարա:

 

Թուրքիայի համար մյուս գերակա հարցը, որը գործնականում ամբողջովին կախված է էներգետիկ ռեսուրսների ներկրումից, հանդիսանում է ձեռք բերվող գազի գինը: Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան ձգտելու է մասնավոր հատվածի համար «խելամիտ գնով» գազի գնման նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ:

 

Ամենայն հավանականությամբ, խոսքը Ռուսաստանից Սև ծովի հատակով «Հարավային հոսք» գազատարի մասին է, որը թուրքական կողմը ցանկանում է անցկացնել իր տարածքով և′ սեփական կարիքները հոգալու, և′ Եվրոպա փոխադրելու նպատակով: