Հալեպում ապրիլի 25-ին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ զոհվածը Լևոն Սրապիոնյանն է: Նա զոհվել է հանուն հայրենիքի պաշտպանության ալ Լիրմուն շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին ևս մեկ հայ է զոհվել: Զոհվա ծը Ուիլյամ Մակարն է, ով ծնվել է 1989թ. Հալեպի Ջալա թաղամասում և ծառայում էր սիրիական բանակում: Ուիլյամ Մակարը եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի և Քարեն Եփփե ճեմարանի սան: Նա զոհվել է Դամասկոսի մերձակայքում գտնվող Մուլհիեի շրջանում տեղի ունեցած մարտերի ժամանակ:

 

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ թեժ մարտերը շարունակվում են ալ Լիրմուն թաղամասի շրջակայքում: Սիրիական օդուժը ռմբակոծում է զինյալների հավաքատեղիների ուղղությամբ:

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: