2012թ.–ին Հայաստանում գործող կրոնական կառույցներին ավելացել են ևս երկուսը, որոնցից մեկը կոչվում է «Աստծո հարսնացուներ», և այն ղեկավարում է կին, իսկ մյուսը պատկանում է ուկրաինական դեսպանատան աղանդին, այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը։

«Մենք չունենք դրանց դեմ պայքարող որևէ մասնագետ։ Մեզ մոտ չկա անգամ ճշգրիտ վիճակագրություն, մեզ մոտ աղանդավորական կառույցի անդամ 12 տարեկան երեխան ինքնասպան է լինում, ձևակերպում են կենցաղային հողի վրա»,– ասաց նա։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կա 64 գրանցված և 200 չգրանցված կրոնական կառույց։ Ըստ Ամարյանի՝ աղանդների քանակով և գործունեությամբ տարածաշրջանում Հայաստանը առաջատարն է, մեր բնակչության համեմատ մեզ մոտ շատ են աղանդները, և այստեղ գործող բոլոր կրոնական կառույցներն արտասահմանից են եկել։

«Աղանդը տալիս է իշխանություն և փող։ Իսկ մեզ մոտ դրանք արդեն այնքանով են իրենց լավ զգում, որ տարբեր մրցանակաբաշխություններ են ներկայացնում (նկատի ունի «անցկացնում» – Tert.am)»,– ասաց նա։

Ըստ Ալեքսանդր Ամարյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները վտանգված են, և ոչ մի հասարակական կամ իրավապաշտպան կազմակերպություն չի բարձրաձայնում նրանց խնդիրները, քանի որ նրանցից ֆինանսական օգուտ չունեն։

Ալեքսանդր Ամարյանը պահանջում է այս ոլորտը կարգավորող օրենք ընդունել, քանի որ այն, ինչ մեզ մոտ կատարվում է, ցավոք, որևէ կերպ չի վերահսկվում։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում ամենաշատը աղանդավորների բողոքական ճյուղն է՝ 180 հազար հետևորդ, իսկ «Եհովայի վկաներն» ընդամենը 12 հազար են։