Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, վիճաբանություն կատարելու համար, բաժին են հրավիրվել 1958թ. ծնված Հարություն Հ.-ին և 1969 թ. ծնված Դավիթ Մ.-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ նշված խաչմերուկում, երթևեկելու ընթացքում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ ծագած վիճաբանություն ժամանակ, Դավիթ Մ.-ն ձեռքով հարվածել է Հարություն Հ.-ի դեմքին' պատճառելով ֆիզիկական ցավ և նրան հասցեագրել սեռական բնույթի հայհոյանքներ' կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Կատարվում է հետաքննություն:

 

Նույն օրը, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 33-ամյա մի կին և հայտնել, որ աշխատանքի վայրում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկի աշխատակցուհի Շ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը: Կատարվում է հետաքննություն:

 

Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ազատի և Համոյի կողմից սպառնալիքի միջոցով Ա. Ֆ.-ից 1100 ԱՄՆ դոլար պահանջելու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատը 1979 թ. ծնված Ազատ Վ.-ն է, իսկ Համոն' 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն: Վերջիններս ներկայացել են բաժին:

Կատարվում է հետաքննություն: