Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զինված ուժերում զորակոչի վերականգնման մասին:

 

Ինչպես հաղորդում է УНИАН-ը՝ Տուրչինովի մամլո ծառայությանը հղումով, «Պետության պաշտպանության բարձրացմանն ուղղված միջոցների մասին» № 16 հրամանագիրը պաշտոնապես հրապարակվել է 2014-ի մայիսի 1-ին և ուժի մեջ է մտել:

 

Հրամանագրում նշվում է. «Հաշվի առնելով Ուկրաինայի արևելյան շրջաններում հասարակական-քաղաքական իրավիճակի հետագա լարումը, անդադար ագրեսիայի փաստերը, անօրինականորեն ստեղծված զինված խմբավորումների գործողությունների ակտիվացումը և պետական իշխանության մարմինների շենքերի գրավումը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, ինչը և սպառնալիք է հանդիսանում երկրի տարածքային ամբողջականության համար, ինչպես նաև՝ Ռուսաստանի միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին, և Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելու նպատակով Ուկրաինայի «Զինվորական պարտավորության և զինծառայության մասին» օրենքի համաձայն՝ 2014-ին սահմանված կարգով անհապաղ զինծառայության զորահավաք իրականացնել՝ ներգրավելով արական սեռի ներկայացուցիչներին, ովքեր համապատասխան առողջական վիճակ ունեն և ում 18-ն տարին լրանում է մինչ զորակոչի օրը»: