Ռուսաստանը միջազգային դատարան հայց կներկայացնի Ուկրաինայի իշխանությունների դեմ քաղաքացիական պատերազմ հրահրելու և սեփական ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Петербургский дневник-ը՝ վկայակոչելով «Известия» պարբերականը:

 

Ռուսաստանի պետդումայի պատգամավորներն առաջարկում են դատի տալ Ուկրաինային՝ սեփական ժողովրդի դեմ քաղաքացիական պատերազմ և ցեղասպանություն սանձազերծելու մեղադրանքով:

 

«Այս հանցագործությունները պետք է ներկայացվեն Հաագայի դատարանին: Խոստանում եմ երկու օրվա ընթացքում համապատասխան նամակ ուղարկել նաև Ռուսաստանի ԱԳՆ: Ուկրաինայում կատարվողը հանցագործություն է, որը պետք է ներկայացնել միջազգային հանրությանը»,- պատգամավոր Միխայիլ Մարկելովի խոսքը մեջբերում է պարբերականը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել «Սպիտակ գիրք», որի մեջ ասվում է վերջին մի քանի ամիսներին Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների մասին: