Մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահի ընտրություններն ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում չեն կայանա: Այս հայտարարությամբ մայիսի 12-ին հանդես Է եկել Հարավ – արեւելքի բանակի մամուլի կենտրոնի ղեկավար Վասիլի Նիկիտինը:
Նրա խոսքով՝ այս որոշումը կապված Է մայիսի 11-ին մարզում անցկացված հանրաքվեի հիման վրա տարածաշրջանի կարգավիճակի փոփոխման հետ: «Գուցե, Լուգանսկի մարզի տարածքում ընտրությունները կարող Էին եւ կայանալ: Բայց մենք այժմ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն ենք: Ուստի ընտրություններ չեն լինի»,- ասել Է Նիկիտինը:
Նա հավելել Է, որ հանրապետության հռչակման պահից Լուգանսկի մարզային խորհուրդը կորցնում Է իր օրինականությունը: Նիկիտինի խոսքով՝ ինքնահռչակ հանրապետության իշխանությունները պատրաստվում են նամակով դիմել ՄԱԿ-ին՝ ճանաչման խնդրանքով:
Մամուլի քարտուղարը նաեւ բնակչությանը կոչ Է արել չանհանգստանալ աշխատավարձերի եւ թոշակների համար՝ հավելելով, որ դրանք, հնարավոր Է՝ նույնիսկ ավելանան: Մայիսի 12-ի երեկոյան Լուգանսկում պլանավորված Է տոնական համերգ:
Լուգանսկի ինքնորոշման մասին հանրաքվեն կայացել Է մայիսի 11-ին: Նախանական տվյալներով՝ տարածաշրջանի անջատման օգտին քվեարկել Է ընտրողների 95,98 տոկոսը: Միենույն ժամանակ Կիեւում հրաժարվել են օրինական ճանաչել հանրաքվեն՝ դրա կազմակերպիչներին սպառնալով քրեական պատասխանատվությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: