ԱՄՆ-ի՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ և այն կարծիքին է, որ հենց նա կհաղթի 2016 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ ներկայացնելով Ipsos սոցիոլոգիական ընկերության հարցման տվյալները:

 

Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 56 տոկոսը Քլինթոնին համարում է արդյունավետ աշխատանքով աչքի ընկնող առաջնորդ: Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 43 տոկոսը հայտնել է, որ նրա նկատմամբ ավելի շուտ բացասական վերաբերմունք ունի, քան չեզոք:

 

«Դա բարձր նախագահական ցուցանիշ է: Այդպիսի թվեր ունեն միայն նախագահները, գուցե նաև փոխնախագահները և կինոաստղերը»,-ասել էIpsos-ի ներկայացուցիչ Քրիս Ջեքսոնը:

 

Հարցվածների ճնշող մեծամասնությունը հայտնել է, թե իրենք գիտեն՝ ով է Քլինթոնը, դրա հետ մեկտեղ հարցմանը մասնակցած հանրապետականների քառորդ մասը հայտարարել է, որ իրենք դրական են գնահատում Քլինթոնին, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը: Դեմոկրատների՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների ավելի քան կեսը հայտնել է, որ պատրաստ է քվեարկել նրա օգտին, իսկ բոլոր հարցվածների կեսից ավելին կարծիք է հայտնել, որ Քլինթոնը «կհաղթի հաջորդ նախագահական ընտրություններում»:

 

Քլինթոնն ինքն առայժմ չի հայտարարել Սպիտակ տան բարձրագույն պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին. այդուհանդերձ, նա համարվում է ֆավորիտներից մեկը, նշում է Reuters-ը:

 

Ընդամենը Ipsos-ի հարցմանը մասնակցել է 1518 չափահաս ամերիկացի: Հարցումն անցկացվել է մայիսի 11-15-ին: Ընկերությունը հավաստում է, որ նման հարցումների դեպքում վիճակագրական սխալանքը կազմում է մոտավորապես 2,9 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: