Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը չեղյալ են հայտարարել իրանական միջուկային ծրագրի հարցերով Թեհրանի և «վեցյակի» բանակցային 4-րդ փուլի արդյունքներով համատեղ հայտարարությունը: Այս մասին հայտնել է Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մենին:

 

«Եռօրյա լարված աշխատանք ունեցանք: Բանակցությունները բարդ էին և հանգամանալից: Մենք փորձում ենք համաձայնեցնել պայմանագիրը… Այդ իսկ պատճառով մենք չենք ցանկանում մասնատել ու կտոր-կտոր ներկայացնել միջանկյալ արդյունքները, ինչպես մենք դա արել ենք յուրաքանչյուր փուլից հետո»,- հայտնել է Մենը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) բանակցությունները Վիեննայում ծանր են ընթանում. Թեհրանը պետք է ընդունի մի շարք ոչ դյուրին որոշումներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ այս փուլում քննարկումներն անցնում էին «ծանր ու դանդաղ»: «Կողմերի դիրքորոշումներում լուրջ տարաձայնություններ են պահպանվում»,- ասել է դիվանագետը: